Քսաներեք լեզվով 700 կտոր գիրք է ներկայացվել «Ցեղասպանությունը գրականությունում» թեմայով ցուցադրությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 35 երկրների 23 լեզվով 700 կտոր գիրք է ներկայացված «Ցեղասպանությունը գրականությունում» խորագրով գրքերի ցուցադրությանը: Այն անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հայտնեց, որ ցուցադրությանը ներկայացված է վերջին 20-25 տարիների գրականությունը: «Եզակի գրքեր կան, ունենք Անրի Վեռնոյի «Մայրիկ» գրքի առաջին հրատարակությունը` հենց իր ինքնագրով, ընդ որում` հայերեն է գրել, ինքը շատ լավ տիրապետում էր հայերենին: Ունենք «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը թե գերմաներեն առաջին հրատարակությունը, թե հայերեն, ու ամենահետաքրքիրը ճապոներեն թարգմանությունն է: 1993 թվականին հայկական փոքրիկ խումբ է եղել Ճապոնիայում, որը հրատարակությունը նախաձեռնել է»,-ասաց Տիգրան Զարգարյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայից 80 միավոր գիրք է ներկայացված, իսկ Միացյալ Նահանգներից` 160: «Բոլորն էլ լուրջ հրատարակություններ են, երկրների ծածկույթը բավական լայն է, լավ հեղինակներ կան»,-ընդգծեց նա:
Տիգրան Զարգարյանի խոսքով` գրքերի հեղինակները ինչպես հայ, այնպես էլ օտարազգի են: «Բնական է, որ մեծամասնությունը հայեր են, բայց կան նաև արտասահմանցի հեղինակներ: Ունենք օտարազգի հեղինակներ Իսպանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Լեհաստանից, Հունգարիայից, եվրոպական երկրներից, Թուրքիայից»,-շեշտեց Ազգային գրադարանի տնօրենը` նշելով, որ գրքերի հեղինակներն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանն առնչվող ամենատարբեր թեմաների:
Նրա տեղեկացմամբ` Ազգային գրադարանն ունի 2 հազար 500 միավոր գիրք ցեղասպանության թեմայով և սեպտեմբերին կայանալիք bookexpo-ի շրջանակներում դրանք ևս կցուցադրվեն:
«Ցեղասպանությունը գրականությունում» խորագրով գրքերի ցուցադրությունն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: