Թուրքիան պետք է լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա. Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին, գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի նիստին պաշտոնապես հրավիրված էին և ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արման Կիրակոսյանը, հանձնաժողովի անդամներ: Նիստից հետո դեսպան Կիրակոսյանը հանդիպեց խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր 6 ուժերի նախագահների հետ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ավստրիացի խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այս կարևոր քայլի համար:

Ստորև ներկայացնում ենք ապրիլի 22-ին Ավստրիայի Ազգային խորհրդում հրապարակված պաշտոնական հայտարարության տեքստը:

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային խորհրդի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ

մագ. Անդրեաս Շիդերի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն),

դր. Ռայնհոլդ Լոպատկայի (Ժողովրդական կուսակցություն),

Հայնց-Քրիստիան Շտրախեի (Ազատական կուսակցություն),

դր. Էվա Գլավիշնիգ-Պիշչեկի (Կանաչների կուսակցություն),

ինժ. Վելտրաուդ Դիտրիխի (Շտրոնախի թիմ կուսակցություն),

և դր. Մատթիաս Շտրոլցի (Նոր Ավստրիա կուսակցություն)

Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի կապակցությամբ

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաև Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ-հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին:

Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ) մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվելու իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել:

Այնպիսի ժամանակաշրջաններում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքներին ու հալածանքներին: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:

Ըստ այդմ՝ խորհրդարանական խմբակցությունների նախագահները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն և հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպիսին Թուրքիայի և Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա:

Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ սույնով մտադրություն է արտահայտվում ակտիվորեն սատարելու Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանն և վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ ի նպաստ թուրք-հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում:

2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)), չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը, ողջունվում է Ազգային խորհրդում ներկայացված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահների կողմից:

Հայերեն Русский

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին