Քաղաքականություն

Ցեղասպանության մասին Բունդեսթագի հրապարակած նոր նախագծի տեքստում մի քանի անգամ նշվում է «ցեղասպանություն» եզրույթը

3 րոպեի ընթերցում

Ցեղասպանության մասին Բունդեսթագի հրապարակած նոր նախագծի տեքստում մի քանի անգամ նշվում է «ցեղասպանություն» եզրույթը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի խորհրդարանն իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նոր բանձևի նախագծի տեքստը, որում մի քանի անգամ նշվում է «ցեղասպանություն» եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնի է նաև ապրիլի 24-ին կայանալիք նիստի նախնականօրակարգն ու ժամանակացույցը:

Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին հենց Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ էլ սկսվելու է լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցությունները` Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ)/Քրիստոնեա-սոցիալիստական միությունը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծն` արդեն «ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:

Ի տարբերություն Ֆրանսիայի և Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների, Գերմանիան երկար ժամանակ ընդդիմացել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Ապրիլի 20-ին կանցլերի խոսնակը հայտարարել էր, որ կառավարությունը կսատարի ապրիլի 24-ին խորհրդարանում ներկայացվելիք բանաձևին, որով 1915 թվականի եղելությունը հայտարարվում է ցեղասպանության օրինակ: «Կառավարությունը սատարում է բանաձևի նախագծին, որում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերին բաժին հասած ճակատագիրը պատմության մեջ տեղի ունեցած զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, արտաքսումների և այո՜, 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է»,- ասել է նա: Նույն օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն պատգամավորների կողքին, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն և ասել, որ 1915 թ. կատարվածը «կարելի է ընդհանրացնել ցեղասպանություն հասկացության մեջ»:

Գերմանական և միջազգային լրատվամիջոցները նաև տեսակետ են հայտնում, որ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն իր ելույթում նույնպես կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը:

Լուսանկարը`wikipedia

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում