Ավստրիայի խորհրդարանի վեց քաղաքական ուժերը համաձայնության են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի շուրջ
1 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունների ղեկավարները համաձայնության են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն պաշտոնապես կհրապարակվի ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Բանաձևի նախագիծը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի տեղեկատվական հարցերի պատասխանատու Պետո Դեմիրճյանի բնորոշմամբ` բանաձևի նախագիծը կարևոր է նաև նրանով, որ Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով: