Քաղաքականություն

Իտալական երկրորդ ամենամեծ La Republica թերթն անդրադարձել է «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գրքին

2 րոպեի ընթերցում

Իտալական երկրորդ ամենամեծ La Republica թերթն անդրադարձել է «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գրքին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական երկրորդ ամենամեծ La Republica թերթի շաբաթական հավելվածը հոդվածով անդրադարձել է վերջերս լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի. վերջին ականատեսների զարմանալի պատմությունը» գրքին: Իտալիայում Հայաստանի դեսպանության և«Արմենպրես»լրատվական գործակալության աջակցությամբ հրապարակված գիրքը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների պատմությունների կողքին իտալախոս ընթերցողին է ներկայացնում պատմական իրողությունն՝ իր փաստական կողմերով: Գրքի համահեղինակներն են իտալացի լրագրողներ Ալեսսանդրո Արամուն, Ջիան Միքալեսսին և Աննա Մացոնեն: Նախաձեռնությունն «Ասադաքահ» իտալա-արաբական կենտրոնինն է: Իսկ գրքի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Ջիանկարլո Պագլիարինին, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց իտալացի լրագրող Ալեսսանդրո Արամուն և հայտնի իտալացի լուսանկարիչ Ռոմուլո Էուկալիտոն Երևանում հանդիպել են վերջին ականատեսներին այն ողբերգության, որը Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել: «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գիրքը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը նոր սերնդի միջոցով բախվում ընդհանուր հիշողության մարտահրավերին՝ որպես ինքնության անբաժան տարր: Այն հատուկ անդրադարձ է կատարում հայ կանանց և նրանց ունեցած դերին: Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ հայ կանայք իրենց քաջության և ուժի շնորհիվ կարողացել են կենդանի պահել մշակույթն այն մարդկանց, ում ոչնչացնելու գործում թուրքերը ձախողվել են:

Գրքի վերջում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, որը ներկայացնում է Աննա Մացոնեն:

La Repubblicaիտալական թերթն ստեղծվել է 1976 թվականին Հռոմում: 2014 թվականին թերթի վաճառքի օրական միջին տպաքանակը կազմել է 301 հազար 565 օրինակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում