Քաղաքականություն

Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

2 րոպեի ընթերցում

Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի երկրի (País Vasco) խորհրդարանն ապրիլի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, հետևելով Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևին, Բասկերի խորհրդարանը Թուրքիայի Հանրապետությունից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Խորհրդարանի նախագահն ընթերցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հռչակագիրը, որում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված այս բնաջնջումը մարդկային պատմության մեջ իրականացված ցեղասպանություններից ամենասարսափելին էր, որի հետևանքով միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել, և հազարավոր գաղթականներ փախել են այլ մայրցամաքներ, շատերն ապաստան գտել Եվրոպական միության երկրներում:

«Գտնում ենք, որ հիշատակումը, ճանաչումը և արդարության հաստատումը հիմնարար արժեքներ են ապագայում այս երկու ժողովուրդների միջև կառուցողական և առաջադիմական համակեցության համար, քանզի հասկանում ենք, որ հաշտեցումը կայուն կարող է լինել մեկ ճշմարտության և մեկ հիշատակի պարագայում»,- ասվում է հռչակագրում:

Բասկերի երկրի խորհրդարանը նաև կարևորել է երկխոսության հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կատալիզատոր կհանդիսանա Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման գործընթացի վերկսկսման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում