Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մեկդարյա ժխտումը. The New York Times-ի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մեկդարյա ժխտումը. The New York Times-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Չունգուշ շրջանում բլրի վրա ավերվող վանքը կանգնած է որպես անցյալի դժբախտ հուշարձան: Ճիշտ նույն կերպ կանգնած է բլրի մյուս կողմում գտնվող եկեղեցին. հենց այս շրջաններում էր, որ հարյուր տարի առաջ անթիվ հայեր մահվան դատապարտվեցին: Այսպես է սկսվում ամերիկյան հայտնի The New York Times-ի հոդվածը, որը կրում է «Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մեկդարյա ժխտումը» խորագիրը:

Պարբերականի լրագրողը խոսել է այդտեղ բնակվող 78-ամյա Վահիթ Շահինի հետ, ով, ցույց տալով տեղանքը, պատմել է. «Նրանք բոլոր տղամարդկանց նետեցին անդունդը: Այն մասը հայկական էր, իսկ այս հատվածը` մահմեդական»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` The New York Times-ը պատմել է Առաջին աշխարհամարտին հայերի դեմ կատարված Ցեղասպանության մասին` անվանելով այն պատերազմի ամենամեծ կոտորած, որը թուրքական իշխանությունները մինչ օրս շարունակում են ժխտել:

«Հայերը մի ամբողջ հարյուրամյակ անցկացրին` բղավելով աշխարհին, որ դա տեղի է ունեցել»,- ամերիկյան պարբերականը մեջբերում է Գաֆուր Թուրքայի խոսքերը, ում պապը հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից և տարվել մուսուլմանական ընտանիք: Ինքը` Թուրքայը, հետագայում վերադարձել է իր հայի ինքնությանն ու դարձել քրիստոնյա:

The New York Times-ը գրում է, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Հայաստանում նախատեսվում են տարբեր միջոցառումներ: Միաժամանակ հայկական սփյուռքը նախատեսում է հավաքվել Թաքսիմի հրապարակում` հիշատակելու Ցեղասպանության զոհերին: Այդուհանդերձ, Թուրքիան հրաժարվել է որևէ մասնակցություն ունենալ հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին և ոչ էլ պատրաստ է բավարարել հայերի պահանջն ու ներողություն խնդրել նրանցից:

Պարբերականը փաստում է, որ մինչ օրս թուրքական դասագրքերը հայերին որակում են որպես դավաճաններ և պնդում են, որ օսմանյան թուրքերը «անհրաժեշտ միջոցներ» են ձեռնարկել հայերի դեմ: Թերթը հիշատակում է The New York Times-ի 1915 թվականի մի քանի հրապարակումներ, որոնք վերնագրված էին հետևյալ կերպ. «Հայերն ուղարկվել են անապատ ոչնչանալու», «Միլիոնավոր հայեր սպանված են կամ աքսորված»:

Պարբերականը փաստում է, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզչության ժամանակ ևս «ցեղասպանություն» է բնորոշել կատարվածը, սակայն նախագահության օրոք հրաժարվում է այդ բառն արտաբերել:

Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև Թուրքիայի արևելյան քրդաբնակ հատվածներին` նշելով, որ ներկայում քուրդ գործիչներն անցյալի հետ առերեսվելու քայլեր են ձեռնարկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում