Ծիծեռնակաբերդում Կիպրոսի Նախագահին կուղեկցի նաեւ երկրի խորհրդարանի ղեկավարը
2 րոպեի ընթերցում

ՆԻԿՈՍԻԱ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին ապրիլի 22-25-ը Հայաստան այցելության ժամանակ կուղեկցի երկրի խորհրդարանի նախագահ Յանակիս Օմիրուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակից հայտնեցին, որ Նախագահի պատվիարկության կազմը համալրվել է եւ նախագահին կուղեկցի խորհրդարանի նախագահը, կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուիդեսը, երկրի խորհրդարանի գլխավոր քարտուղար Վասիլիկի Անաստասիադուն:
Ավելի վաղ, «Արմենպրես»-ը տեղակացրել էր, որ Կիպրոսի Նախագահի պատվիրակության կազմում նաեւ երկրի երեք խոշորագույն կուսակցությունների անդամները կուղեկցեն Նիկոս ԱնաստասիադիսինԾիծեռնակաբերդում:
«Հայաստանում ապրիլի 22-25-ը կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կմասնակցեն նաեւ Կիպրոսի խորհրդարանի անդամ, «Տիսի» կուսակցության նախագահ եւ Կիպրոս-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ավերոդ Նոեֆիտուն, «Աքել» կուսակցության Նիկոսիայի շրջանի քարտուղար Ստեֆանոս Ստեֆանուն եւ Կիպրոսի ՏԻԿՈ կուսակցության նախկին նախագահ եւ խորհրդարանի նախկին նախագահ, այժմ խորհրդարանի անդամ Մարիոս Կարոյեանը»,- տեղեկացրել էին Նիկոսիայից:
Կիպրոսին Նախագահի հետ Հայաստան կժամանի նաեւ Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը: