Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ռուս սահմանապահները կլսեն դասախոսություն
3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի սպայական անձնակազմի համար Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը նախատեսում է կարդալ դասախոսություն: Լայնածավալ զեկուցումն իր մեջ կներառի դրվագներ հայոց պատմությունից, քրիստոնեության ընդունումից, հայ մշակույթից, հայ եւ ռուս դարավոր բարեկամությունից եւ, իհարկե, 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունից:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Յակուբովը նշեց, որ այն կնթերկայացնի զորամասի եւ սահմանապահ ուղեկալների սպայական անձնակազմի համար, որոնցից շատերը նոր են ծառայության անցել Հայաստանում: «Մեծ նշանակություն եմ տալիս այս դասախոսությանը: Ռուս սպաներից շատերը լավ պատկերացում չունեն Հայաստանի, հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի վերաբերյալ: Ես ցանկանում եմ նրանց հասցնել հատկապես այն միտքը, որ 1915 թվականին ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց հայերի պապենական հողում, որը հանդիսանում է Արեւմտյան Հայաստանը»,-նշեց Յակուբովը՝ ընդգծելով, որ սա ռուս սպաներին հնարավորություն կտա ավելի ծանոթ եւ մոտ լինել հայ ազգին: Երկրորդ փաստը, որը Յակուբովը ցանկանում է ընդգծել իր դասախոսության մեջ, այն է, որ 301 թվականին հենց հայերն են աշխարհում առաջինն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Յակուբովը, ով ազգությամբ ասորի Է, օգտվելով առիթից, իր շնորհակալական եւ երախտիքի խոսքը հղեց ՀՀ կառավարությանը` հույների եւ ասորիների հանդեպ Օսմանյան թուրքիայում 1915-1923 թթ. իրականացված ցեղասպանության փաստն ընդունելու առիթով: «Հայերն այդ առումով հասկանում են ասորիներին, նրանք էլ ցեղասպանություն տեսած ժողովուրդ են: Դա բխում է հայի հոգուց, հայը գենոտիպով մարդասեր է, հասկացող»,-ասաց նա՝ հավելելով, որ ասորիները, հայերի նման, որտեղ ապրել են` ստեղծել են իրենց դպրոցն ու եկեղեցին:
Նա ակնածանքով խոսեց նաեւ այն երկրների մասին, ովքեր արդեն ընդունել են հայերի հանդեպ կատարված ցեղասպանության փաստը: Մեծ հույս հայտնեց նաեւ, որ օրերից մի օր Թուքիայի ողջ հասարակությունը եւ ղեկավարությունը նույնպես կընդունի հայերի հանդեպ իրենց նախնիների իսկ կողմից կատարված ոճիրը:
Լիլիթ Մաճկալյան