Մարզային

Միքայել սրբազանը մեկնաբանել է Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցի Քարդաշյանների այցելության հետ կապված միջադեպը

3 րոպեի ընթերցում

Միքայել սրբազանը մեկնաբանել է Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցի Քարդաշյանների այցելության հետ կապված միջադեպը

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանն ամուսնու, դստեր և քրոջ հետ եղավ Գյումրու Սբ. Աստվածածին կամ, ինչպես ժողովրդն է անվանում, «Յոթ Վերք» եկեղեցում: Եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենար երեկոյան ժամերգությունը, Քիմի թիկնապահները և ոստիկանությունը, սեփական նկարահանումների համար փորձեցին փակել դռները՝ դուրս հանելով ժողովրդին և լրագրողներին, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զայրացրեց այդ փաստը, ով նշեց, որ ոչ մեկն իրավունք չունի փակել եկեղեցու դռները. եկեղեցին բոլորի համար է:

«Արմենպրես»-ի այն հարցին՝ արդյո՞ք Թեմի առաջնորդը տեղյակ է եղել Քարդաշյանի այցի մասին՝ Միքայել սրբազանն ասաց, որ իրեն տեղեկացրել էին: «Ինձ տեղեկացրել էին, որ այդ աղջիկը գալու է ու գնա՝ հանգիստ, խելոք, գլխաշորով: Ես էլ ասացի, որ խնդիր չկա, բայց չէի կարծում, որ այդպես կգործեն: Ես իջել էի եկեղեցի իմ սովորական ժամին. չէի գնացել Քիմին կամ ուրիշին տեսնելու: Եկեղեցում երեկոյան ժամերգություն պետք է արդեն լիներ: Ինձ հունից հանեց այն, որ դռները փակում էին ու ժողովրդին դուրս հանում, իսկ իմ զայրույթին ու դռները բացելու հրանհանգին ի պատասխան՝ թիկնազորի անդամները շարունակում էին իրենց գործողությունները, դրանից ես էլ ավելի զայրացա և բացեցի բոլոր դռները: Ամենի ինչին սահման կա»,-նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը :

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում