Խճանկար

Սառա Բրայթմանը ՄՏԿ թռչելուց առաջ վարժանքներ կանցկացնի ԵՏԳ-ում եւ NASA-ում

2 րոպեի ընթերցում

Սառա Բրայթմանը ՄՏԿ թռչելուց առաջ վարժանքներ կանցկացնի ԵՏԳ-ում եւ NASA-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը, որն Աստղային ավանում թռիչքի Է պատրաստվում դեպի Միջազգային տիեզերակայան, հաջորդ շաբաթ վարժանքները եւ պարապմունքները կշարունակի Եվրոպական տիեզերական գործակալությունում (ԵՏԳ) եւ NASA-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են տիեզերական ճյուղի ներկայացուցիչները:

«Ապրիլի 13-ից մինչեւ 16-ը Սառա Բրայթմանը նախապատրաստական դասընթաց կանցնի Եվրոպական տիեզերական գործակալությունում: Այնուհետեւ նա կվերադառնա Ռուսաստան եւ կշարունակի պարապմունքները Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ, պլանավորվում Է, որ հունիսի 22-26-ին Բրայթմանը պատրաստություն կանցնի ամերիկյան օդատիեզերական գործակալությունում՝ NASA-ում:

«ԵՏԳ-ում եւ NASA-ում պատրաստություն կանցնի նաեւ Սառա Բրայթմանի կրկնորդը՝ ճապոնացի Սատոշի Տակամացուն»,-ասել Է աղբյուրը:

Նա նշել Է, որ վարժանքների հիմնական մասը կանցկացվի Աստղային ավանում: Նա հիշեցրել Է, որ տիեզերանավի մեկնարկը՝ Սառա Բրայթմանի եւ երկու այլ տիեզերագնացների մասնակցությամբ, նշանակված Է սեպտեմբերի 1-ին:

«Ծրագիրը նաեւ տիեզերանավի անձնակազմի գործողությունների կատարելագործման ծովային վարժանքներ Է նախատեսում իջեցվող պատիճը ջրարկելիս: Դրանք հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 3-ը կանցկացվեն Սեւ ծովում»,-հավելել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ անձնակազմի համալիր քննական վարժանքները նշանակված են օգոստոսի 6-7-ին: «Օգոստոսի 19-ին պլանավորվում Է հիմնական եւ փոխարինող անձնակազմերի մեկնումը Բայկոնուր, որտեղ մեկնարկից առաջ տեղի կունենա նախապատրաստման ավարտական փուլը»,-ասել Է նա:

Բրիտանացի երգչուհին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Միջազգային տիեզերակայանում, Երկրից նվագախմբի նվագակցությամբ, երգելու իր պլանների մասին:

Լուսանկարը` EPA / MARIO GUZMAN

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում