ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովնանյան ինտերնեյշնլ» կազմակերպությունը Քարդաշյանների գերդաստանին հողատարածք է նվիրել Վահագնի թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան այցելկած Քլոե Քարդաշյանը:
«Հովնանյան ինտերնեյշնլ»-ի տված վկայակականի մեջ գրված է. «Հովնանյանների երազանքն է, որ աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայ իր տունն ունենա հայրենիքում: «Հովնանյան ինտերնեյշնլ»-ը խթանում է այս գործընթացը, խրախուսում բացահայտել հայրենիքն ու ներդրում ունենալ դրա զարգացման գործում: «Հովնանյան ինտերնեյշնլ»-ը սույնով Քարդաշյանների գերդաստանին` Քիմբերլի Քարդաշյան Ուեսթին, Քլոե Քարդաշյան Օդոմին և նրանց ընտանիքներին պարգևում է հողատարածք Հայաստանի առաջին մասնավոր համայնքում` Երևանի Վահագնի թաղամասում, որը կատարյալ վայր է Հայաստանում երազանքի տուն կառուցելու համար: Վահագնին ողջունում է Քարդաշյաններին»:
Քլոեն հրապարակել է վկայականի լուսանկարը և իր էջում թողել հետևյալ գրառումը. «Քորթ և Ռոբ, մենք ձեզ համար հուշանվեր ունենք: Հող՝ Հայաստանում»:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: