Ուրուգվայում մարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը

4 րոպեի ընթերցում

Ուրուգվայում մարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հանդիսությունների սրահում ապրիլի 7-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որը նախաձեռնվել էր Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Ուրուգվայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հակոբ Քլենիջյանի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, սպորտի և զբոսաշրջության հարցերի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվեյրան, Փոստային ծառայության ղեկավար Սոլանժ Մորեյրան, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դեսպաններ, գիտական և ակադեմիական լայն շրջանակների և ուրուգվայահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ելույթներով հանդես են եկել Փոստային ծառայության նախագահ Սոլանժ Մորեյրան, սպորտի և զբոսաշրջության հարցերի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Ուրուգվայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հակոբ Քլենիջյանը, ովքեր, ընդգծելով Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, բարձր են գնահատել և շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ուրուգվայի կողմից նամականիշի թողարկումը:

Արարողության գլխավոր բանախոսը՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, վերահաստատել է Ուրուգվայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Իր խոսքում նա, մասնավորապես, նշել է. «Ուրուգվայը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում: Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 50 տարի առաջ օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա մեծ քայլ էր մի պայքարում, որը շարունակվում է մինչ այսօր»:

Իր խոսքում Ռոդոլֆո Նին Նովոան բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու նշանակությունը Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում:

Ուրուգվայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին, իրականացված բարձր մակարդակի այցելություններին, ստորագրված համաձայնագրերին: Այս կապակցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման մասին համաձայնագրի նշանակությունը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, առևտրային, մշակութային և քաղաքական ոլորտներում առկա ներուժն ու համագործակցության զարգացման և ամրապնդման կարևորությունը:

Ուրուգվայի ԱԳ նախարարն իր ելույթը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Այս նամականիշը հարուստ է իմաստով և զգացմունքներով, քանի որ այն հարգում է բոլոր զոհերի հիշատակը Ցեղասպանության դաժան հանցագործության, որից մենք խորշում և որը մենք դատապարտում ենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում