Հայ-իտալական քաղաքական հարաբերություններն ամուր հիմքերի վրա են
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իտալական քաղաքական հարաբերություններն ամուր հիմքի վրա են դրված, եւ նախագահ Սերժ Սարգսյանի չորսօրյա այցնավելի կամրապնդի համագործակցության այն ուղղությունները, որոնց սկիզբը դրվել է դեռեւս 1992թ.-ին, երբ երկու երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սա Հայաստանի նախագահի մակարդակով հինգերորդ այցն է Իտալիա: Նախագահական մակարդակով այցերից եւ հանդիպումներից բացի, այս ընթացքում շատ են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարների եւ Ազգային ժողովի նախագահների այցելություններն ու հանդիպումները:
Երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտը նույնպես ամուր է: Այս տարիների ընթացքում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ կնքվել է 3 արձանագրություն, 12 համաձայնագիր, 8 հուշագիր եւ մեկ հայտարարություն: Խոսելով հայ-իտալական հարաբերությունների մասին` հայկական կողմը միշտ շեշտադրել է այն հանգամանքը, որ ներկայիս հարաբերությունների հիմքում երկու հազարամյակների պատմություն ունեցող դարավոր կապեր են:
2013թ. սեպտեմբերին Իտալիա կատարած այցելության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդանը շեշտել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։«Առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ։ Իտալահայ համայնքն իր ներդրումն է բերում երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։ Այն, ինչ արվել է վերջին քսան տարիներին, մեր համատեղ ձեռքբերումն է, և մենք հաստատակամ ենք շարունակելու համատեղ ջանքերը մեր բարեկամական գործընկերությունն առավել ամրապնդելու նպատակով»,– ասել է նախարարը:
Հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման հիմքում կարեւորագույն դերակատարում ունի իտալահայ համայնքը: Հայերի ներկայությունն Իտալիայում դարերի պատմություն ունի: Այժմ Իտալիայում շուրջ 5000 հայ է ապրում: Նրանք ապրում են երկրի խոշոր քաղաքներում, զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, առեւտրով: Իտալիայի եւ Հայաստանի բազմաթիվ քաղաքներ հանդիսանում են քույր քաղաքներ, իսկ համագործակցությունն ամրապնդվում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում:
Լուսանկարը` flickr