Պակիստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են
1 րոպեի ընթերցում

Պակիստանը հաստատել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են՝ չնայած Մերձավոր Արևելքում վերսկսված մարտական գործողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
«Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու նպատակով»,- Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում նշել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։
Նա նշել է, որ Պակիստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ երկու կողմերին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին վերադարձնելու ուղղությամբ։
Խոսնակը նաև շեշտել է, որ Պարսից ծոցում անվտանգային իրավիճակը մնում է «անկայուն»՝ չնայած վերջին օրերին տիրող հարաբերական հանգստությանը, հավելելով, որ Պակիստանը կարծում է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը մնում են առաջ շարժվելու միակ կենսունակ ուղին։
Նրա խոսքով՝ Պակիստանը ողջունում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական գործողությունների դադարեցման և երկխոսության վերսկսման ջանքերը՝ հավելելով, որ Իսլամաբադը կշարունակի իր դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման գործում։