Դամասկոսի հրապարակներից մեկի անվանակոչումից մինչև գիտաժողով. միջոցառումներ Սիրիայում

3 րոպեի ընթերցում

Դամասկոսի հրապարակներից մեկի անվանակոչումից մինչև գիտաժողով. միջոցառումներ Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս ծանր պատերազմական իրավիճակի` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Հայոց ցեղասպանության ոգեկոչման մի շարք միջոցառումներ կանցկացվեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը տեղեկացրեց, որ, համայնքային միջոցառումներից զատ, աշխատանքներ են տարվում պետական մակարդակով հարցը բարձրացնելու ու ճանաչման հասնելու ուղղությամբ: «Ես կարող եմ խոսել Դամասկոսի աշխատանքների մասին: Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման սիրիահայության կենտրոնական մարմինը, որը սերտորեն համագործակցում է 100-ամյակի կենտրոնական մարմնի հետ: Նախ ասեմ, որ հունվարի 6-ին կատարեցինք ոգեկոչման արարողությունների մեկնարկը, մենք դիմումներ են ներկայացրել ու հսկայական աշխատանք տարել Հայոց ցեղասպանության պետական և քաղաքական ճանաչման առումով: Արդեն որոշ լսումների ենք մասնակցել Սիրիայի խորհրդարանում, դրա արդյունքը եղավ այն, որ մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը և հայտարարությամբ հանդես եկավ: Աշխատանքներ են տարվում, որ նույն կերպ պետական բարձր մակարդակով ընդունելության արժանանա Հայոց ցեղասպանությունը, և ապահովվի դրա դատապարտումը` հույս ունենալով, որ այդ ձևով կիրականանա սիրիական կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության դասավանդումը: Եթե դատապարտվի ու նոր սերունդը իմանա այդ ոճրի մասին, չեն կրկնվի այսպիսի ողբերգություններ և ոչ մարդկային սպանություններ»,-ասաց Արմաշ Սրբազանը:

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի տեղեկացմամբ` արդեն առկա է Սիրիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի հայոց առաջնորդարանի կողքը գտնվող հրապարակն անվանակոչվի Սրբոց նահատակաց հրապարակ: «Ապրիլի 26-ին, երբ նահատակների սրբադասումով զինված պետք է վերադառնանք Դամասկոս, պետք է կատարվի այդ հրապարակի անվանման հռչակումը, ինչպես նաև տեղադրվելիք հուշաքարի հիմնարկեքի արարողությունը»,-տեղեկացրեց Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Բացի այդ, ամռանը` ուսումնական տարվա ավարտին, Դամասկոսի պետական համալսարանում կկազմակերպվի «Հայոց ցեղասպանությունը և արաբական ժողովրդի դերը ցեղասպանված հայերի փրկության գործում» խորագրով գիտաժողովը: «Հոկտեմբերի ավարտին ծրագրում ենք կազմակերպել Կոմիտասին նվիրված «Նահատակ հանճարը» վերնագրով երաժշտական երեկո` ներկայացնելով նրա հսկայական տաղանդն ու արվեստը»,-նշեց Արմաշ Սրբազանը:

Նրա խոսքով` այս ամենին զուգահեռ կանցկացվեն նաև համայնքային ու եկեղեցական միջոցառումներ` ցուցահանդեսներ, դասախոսություններ, քայլարշավներ և ծեսեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում