Հարյուր մետր երկարությամբ հայոց եռագույնը ծածանվեց Բունդեսթագի հարևանությամբ

2 րոպեի ընթերցում

Հարյուր մետր երկարությամբ հայոց եռագույնը ծածանվեց Բունդեսթագի հարևանությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100- մետրանոց հայոց եռագույնը ապրիլի 3-ին ծածանվեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի (Ազգային ժողովի) շենքի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախաձեռնության կազմակերիչ «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամից, շենքի մոտ հիմնադրամի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Շպրե գետի ափին մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը Բունդեսթագի դիմաց ծածանել են Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետր երկարությամբ Եռագույնը, և 100 վայրկյան լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները եռագույններ են ծածանել այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:

Ապրիլի 2-ին` հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում նույնպես տեղի էր ունեցել ֆլեշմոբ-ակցիա: Ակցիաների նպատակն է սփյուռքի հայ համայնքներին համախմբել և Ցեղասպանությունը չճանչած երկրներումհայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով ճանաչում և դատապարտում պահանջել:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի պատրաստած 100 մետրանոց Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելուց հետո` ապրիլին կգանեցվի Արարատի գագաթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում