Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը Հայաստանի համար շահեկան է մի քանի պատճառով
3 րոպեի ընթերցում
![Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը Հայաստանի համար շահեկան է մի քանի պատճառով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/800356.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Գոհար Իսկանդարյանն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը ողջունելի է համարում` շեշտելով փաստաթղթից գործին անցնելու անհրաժեշտությունը: «Շատ երկար տևեցին բանակցությունները, ձեռքբերված համաձայնությունը մենք շատ դրական ենք գնահատում, բայց ամենակարևորն այն է, որ տեսնենք` դա գո՞րծի է դրվում, թե՞ մնում է փաստաթղթի վրա: Կողմերը գտնում են, որ սա պատմական իրադարձություն է, իհարկե, արվել է շատ մեծ աշխատանք, ձեռք է բերվել շատ լուրջ համաձայնություն, բայց, այնուամենայնիվ, վերջնականը գործն է: Կյանքի կկոչվի, թե՞ կողմերից մեկը ինչ-որ սխալ քայլ կանի ու համաձայնությունը կմնա փաստաթղթի վրա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց իրանագետը:
Նրա խոսքով` գործընթացում հատկանշականն այն է, որ Իրանի հեղինակությունը բարձրացել է` չնայած երկիրը որոշ զիջումների է գնացել բանակցությունների արդյունքում: «Իրանը կարողացավ ժամանակաշրջանը ճիշտ օգտագործել ու տարածաշրջանում իր դերը կրկնակի անգամ ավելացավ, այսինքն` դիրքային առավելություն ստացավ»,-նշեց Գոհար Իսկանդարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ու տարածաշրջանում այդ երկրի դերակատարության բարձրացման արդյունքում` իրանագետն ասաց. «Պետք է նշենք, որ հայ-իրանական հարաբերությունները բավականին լավ մակարդակի վրա են, և Իրանի յուրաքանչյուր առաջխաղացում, բնականաբար, մեզ առավել ձեռնտու է: Տարածաշրջանում շատ խնդիրներ կան. Միացյալ Նահանգներն էլ գիտակցեց` առանց Իրանի մասնակցության հնարավոր չէ լուծել: Մենք գիտենք, որ Իրանը շատ հարցերում, եթե չասենք շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում, դրական մոտեցումներ ունի հայկական խնդիրների լուծմանը»:
Գոհար Իսկանդարյանի դիտարկմամբ` ծրագրի շուրջ համաձայնության գալու խաղաղ մոտեցումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ նախկինում խոսք էր գնում ռազմական միջամտությունների մասին, ինչը Հայաստանի համար ընդհանրապես ցանկալի չէր: «Այս հարցում մենք առաջնահերթ շահագրգռված ենք այնքանով, որ մեր հարավային սահմանի շուրջ լինի խաղաղություն: Չորս հարևաններից առնվազն երկուսի հետ հարաբերություններ չունենք, Իրանում էլ, եթե պատերազմական գործողություններ ծավալվեին, մեր հարավային սահմանում լինեին խնդիրներ, մենք կունենայինք լուրջ դժվարություններ: Այնպես որ ողջունելի է հարցի խաղաղ կարգավորումը, որ կարողացան բանակցությունների սեղանի շուրջ գալ համաձայնության»,-ավելացրեց իրանագետը:
Ապրիլի 2-ին Լոզանում Իրանն ուՎեցնյակի անդամները, որի կազմում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Գերմանիան, երկարատև բանակցություններից հետո եկան ընդհանուր հայտարարի` շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որով նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: