Հայոց ցեղասպանության ազդեցությունը հասարակ քաղաքացիների վրա. ամերիկյան շաբաթաթերթի անդրադարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Plainville Citizen էլեկտրոնային շաբաթաթերթը հոդված է հրապարկել Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով, թե ինչպես է 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը ազդել հասարակ մարդկանց վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամերիկյան շաբաթաթերթը զրուցել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նոր Բրիտանիա քաղաքի բնակիչ Հարի Թերջանյանի հետ, ում ընտանքիը փրկվել է Հայոց ցեղասպանությունից և ԱՄՆ գաղթել 1975 թվականին: «Դա ողբերգական պատմություն է, որի մասին շատերը չգիտեն, թեև հայկական մեծ համայնքը և Կոնեկտիկուտի հայկական չորս եկեղեցիները դրա մասին ուսուցանում են իրենց դպրոցական ուսումնական ծրագրերում: 1915-1923 թվականներին թուրքական կառավարությունը որոշեց բնաջնջել հայերին: Հայաստանի մի մասը կոմունիստական Ռուսաստանի տիրապետության տակ էր գտնվում, մյուս կեսը` Օսմանյան կայսրության: Թուրքերը կորցնում էին իրենց գրավյալ տարածքները և ցեղասպանության միջոցով փորձեցին ոչնչացնել հայերին: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, իսկ Հոլոքոստը ծրագրվել է Հայոց ցեղասպանության հիման վրա: 1.5 մլն հայ է սպանվել ութ տարվա ընթացքում: Ցեղասպանությունը հովանավորում էր թուրքական կառավարությունը: Թուրքական բանակը կոտորել է կանանց, երեխաներին, ծերերին և անզեն քաղաքացիներին: Հայերին խեղդել են, քշել սիրիական անապատներըˋ թողնելով առանց ջրի ու հացի: Նրանց ունեցվածքը բռնագրավվել է և զրկել իրավունքներից: Կառավարությունը հայկական քաղաքները և գյուղերը վերանվանել է թուրքական անուններով»,- պատմել է Թերջանյանը:

Դիտարկմանը, թե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Քիչ հանցագործներ են ցանկանում ընդունել իրենց կատարածը, հարկ է լինում նրանց արդարադատության առաջ կանգնեցնել: Հայոց ցեղասպանության իրողությունն ապացուցող անհամար ապացույցներ կան: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ականատես է եղել այդ ամենին և գիրք գրել ցեղասպանության մասին: Նրա օգնությամբ գումարներ են փոխանցվել օգնության համար: Դա ԱՄՆ-ի ցուցաբերած առաջին մեծ ծավալի օգնությունն էր»:

Հարի Թերջանյանը ծնվել է Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանում: Նրա խոսքով` իրենք ապրել ենˋ կրելով ցեղասպանության հետևանքները: «Մենք փոքրամասնություն էինքˋ սահմանափակ իրավունքներով: Իրավունք չունեինք կրել մեր քրիստոնեական անունները: Հայկական ազգանուններն ավարտվում են «յան» վերջավորությամբ, և մեզ թույլ չէին տալիս դա նույնպես ունենալ: Ես ծնվել եմ 1968 թվականին, բայց այդ անարդար պայմանները ցեղասպանությունից ի վեր չէին փոխվել: Մենք կարողացանք վերապրել ցեղասպանությունը, սակայն մեզ շարունակում էին վերաբերվել որպես դավաճանների, կարծես ցանկանում էին ավարտին հասցնել սկսած գործը: Կառավարությունն ու ժողովուրդը տեղական, թե պետական մակարդակով մեզ ստիպում էին նվաստացած զգալ: Տուն փնտրելու ակնկալիքով մենք 20 երկրում եղանք և բախտի բերմամբ այն գտանք ԱՄՆ-ում: Շնորհակալ ենք այս երկրին, որը կարող ենք հայրենիք անվանել: Ես այստեղ եկա ծնողներիս, քրոջս և տատիկիս հետ: Բոլորն այստեղ են ապրում, բացի տատիկիցս: Ես ցանկացա արդարության հասնել հանուն նրա, բայց նա չապրեց այն տեսնելու համար: Չնայած ցեղասպանություն իրականացրած երեք առաջնորդները մեղավոր են ճանաչվել միջազգային դատարանով, նրանք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին իրենց արածների համար»,- պատմել է The Plainville Citizen էլեկտրոնային շաբաթաթերթի ամերիկահայ զրուցակիցը:

Հայերեն English

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան