Քաղաքականություն

Վահե Էնֆիաջյանը Կիպրոսի խորհրդարանի որոշումը դիվանագիտական հաղթանակ է համարում

2 րոպեի ընթերցում

Վահե Էնֆիաջյանը Կիպրոսի խորհրդարանի որոշումը դիվանագիտական հաղթանակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը դիվանագիտական մեծ հաղթանակ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում ընդգծել է, որ Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ընդգծում է երկու պետությունների և ժողովուրդների դարավոր կապն ու բարեկամությունը:

«Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սա դիվանագիտական մեծ և կարևոր հաղթանակ էր: Ակնառու է հատկապես այն, որ օրինագիծն ընդունվել է միաձայն: Ողջունում եմ Կիպրոսի այս անկողմնակալ և արդարացի որոշումը: Կիպրոսի այս քայլն ընդգծում է երկու պետությունների և մեր ժողովուրդների դարավոր կապն ու բարեկամությունը: Կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում սա նշանակալի հանգամանք է և նպաստելու է, որ տարբեր հարթակներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի և զարգանա»,- գրել է պատգամավորը:

Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում Ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10 հազար եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Լուսանկարը`Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում