Մեկնարկում է System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության իրազեկմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Los Angeles Daily News պարբերականը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայանալիք համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` ներառյալ Եվրոպան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, ինչպես նաև ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, առաջին անգամ ելույթով Երևանում:

Ինչպես նշում է պարբերականը, այս համերգաշարը մեծ նվեր է խմբի երկրպագուների համար 2005թ. SOAD-ի վերջին ալբոմի լույս ընծայումից ի վեր: Սակայն այն նվիրված է լինելու համաշխարհային հանրությանը Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելուն:

«Մեզ համար` որպես ամերիկահայերի, որոնց ընտանիքները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ, կարևոր է ոչ միայն իրազեկել մարդկանց, այլ նաև պահանջել արդարության վերականգնումը: Սա ցավ է, որը շարունակում է առկա մնալ», - ասել է խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:

Թանկյանը և խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը, ում ընտանիքի անդամները Հայոց ցեղասպանության ականատեսներ են, կայանալիք շրջագայությանը նվիրված ասուլիսի ժամանակ ամերիկյան լրագրողներին հայտնել են նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը և Թուրքիայի կառավարությունը վերջապես կընդունեն Հայոց ցեղասպանությունը:

«Մենք ցանկանում ենք շրջագայությունից հետո կրկին հավաքվել և խոսել նոր երգեր գրելու վերաբերյալ: Սակայն, ով գիտի, չի բացառվում, որ դեպքերն այնպես ընթանան, որ այդ շրջագայությունը ներշնչի մեզ նոր երգեր ստեղծելու», - ասուլիսի ժամանակ ասել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը՝ պատասխանելով Billboard պարբերականի հարցին, թե երբ կարելի է ակնկալել խմբի նոր ստեղծագործությունների լույսընծայումը:

Հանդիպման ընթացքում Սերժ Թանկյանը նշել է, որ ցանկանում էին նաև շրջագայության մեջ ներառել Թուրքիան, որտեղ իրենք երբեք դեռ ելույթ չէին ունեցել, սակայն իրենց մերժել են:

«Համերգաշարի մեկնարկի օրերի մոտենալով՝ ես օրեցօր ավելի ու ավելի եմ ոգեշնչվում և անհամբեր սպասում դրան: Այդ զգացումը առաջանում է յուրաքանչյուր շրջագայության մեկնարկից առաջ, սակայն այս դեպքում այն յուրահատուկ է, քանի որ դրա գագաթնակետը հանդիսանում է Հայաստանում մեր կայանալիք համերգը: Այն առանձնահատուկ արժեք ունի ինձ համար` որպես հայի և երաժշտի: Այն ավելի կարևոր է խմբի համար, քան նոր ձայներիզի ստեղծումը», - Billboard պարբերականի փոխանցմամբ ասել է Ջոն Դոլմայանը:

System of A Down խմբի Wake Up The Souls շրջագայության օրերը և քաղաքները.

Ապրիլի 10 - Լոնդոն/ ՄԹ` Wembley Arena

Ապրիլի 13 - Քյոլն/Գերմանիա` Lanxess Arena

Ապրիլի 14 - Լիոն/Ֆրանսիա` La Halle Tony Garnier

Ապրիլի 16 - Բրյուսել/Բելգիա` Forest National

Ապրիլի 17- Ամստերդամ/Նիդերլանդներ` Ziggo Dome

Ապրիլի 20 - Մոսկվա/Ռուսաստան` Olympisky

Ապրիլ 23 - Երևան/Հայաստան` Հանրապետության հրապարակ:

Հայերեն English

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին