ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ապստամբները Եմենի հարավ-արևելքում գտնվող Հադրամաութ մարզի ալ Մուքալլա քաղաքում հարձակվել են կենտրոնական բանտի վրա և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանտարկյալներից շատերը դատապարտվել էին «Ալ Կաիդա»-ի հետ կապված լինելու պատճառով:
Ահաբեկիչները նաև հարձակվել են Մուքալլա քաղաքի պետական հաստատությունների, ռազմակետերի, բանկերի վրա: Բախումներ են սկսվել եմենյան բանակի և ահաբեկիչների միջև:
Եմենը վաղուց դարձել է ծայրահեղական իսլամիստների ապաստանը: Նրանք ամրապնդել են իրենց դիրքերը և պարբերաբար հարձակումներ են իրականացնում բնակելի շրջանների վրա, որոնց հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Տեղեկություններ կան, որ վերսկսվել են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքի ռմբակոծությունները Սանա մայրաքաղաքի և Ադենի օդանավակայանների ուղղությամբ:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատությունները, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: