Քաղաքականություն

Լեոնիդ Սլուցկին դատապարտում է 1915 թվականի դաժան ոճրագործությունը

2 րոպեի ընթերցում

Լեոնիդ Սլուցկին դատապարտում է 1915 թվականի դաժան ոճրագործությունը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին դատապարտում է հայերի նկատմամբ 1915 թվականի կատարված դաժան ոճրագործությունը:Այս մասին Լեոնիդ Սլուցկին հայտնեց Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի մեծ պավիրակություն ՌԴ-ից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Մենք ցավակցում ենք ձեզ և համայն աշխարհին ևս կոչ անում ցավակցել այն դեպքերի համար, որ կատարվեցին 1915 թվականին, ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ կատարված այդ դաժան ոճրագործությունը»,-նշեց Լեոնիդ Սլուցկին:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում