Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու աջակցել H-RES 154 «Ճշմարտություն եւ արդարություն» բանաձեւին, որը նախորդ շաբաթ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի դատին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասբարեզ»-ը,կոչով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամներ Պոլ Գրիգորյանը, Միչ Օֆարելը, Փոլ Քորեցը, Քաղխորհրդի նախագահ Հերբ Ուեսսոնը:Բանաձեւը կոչ է անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու պատասխանատվություն կրել Հայոց ցեղասպանության հետեւանքների համար:

«Հայկական սփյուռքի մի մեծ զանգված ապրում է Լոս Անջելեսում: Լոս Անջելեսը տուն է նրանց համար, այստեղ ապրում են Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները: Սա շատ կարեւոր է մեր քաղաքի համար: Լինելով երկրի երկրորդ մեծ քաղաքը, շատ կարեւոր է ունենալ Սպիտակ Տան աջակցությունը 154 բանաձեւի ընդունման հարցում: Ես համոզված եմ, որ գործողությունները, որ մենք ձեռնարկում ենք, կլսվեն եւ կքննվեն Վաշինգտոնում եւ այն մեկ քայլ առաջընթաց կգրանցի ճանաչման եւ հետեւանքների վերացման հարցում»,- ասել է Փոլ Գրիգորյանը:

Բանաձեւը շեշտում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է Ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների եւ հոգեւորականների ձերբակալությամբ, ինչին հետեւել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում եւ մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում:

1915-1923 թթ. իրականացված Ցեղասպանության հետեւանքով շուրջ 2 միլիոն հայ աքսորվել է եւ 1.5 միլիոնը սպանվել, 500 հազար վերապրածներ տեղահանվել են: Վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում:

«Հայոց Ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների եւ ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն եւ հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց Ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստիրայի, Ֆրանսիայի, Գերմանիաի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի եւ այլ երկրների ազգային արխիվներում»,- ասված է բանաձեւում:

«Ճշմարտություն եւ Արդարություն» բանաձեւը, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատ ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն եւ Ֆրենկ Փալոնը, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին:

Քաղխորհրդի բանաձեւը կոչ է անում նախագահ Օբամային պաշտպանել մինչ ընտրվելն արած իր հայտարարությունն առ այն, որ «Հայոց Ցեղասպանությունը անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում