2 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում շուրջտարյա գործող վեց մանկապարտեզներում երեխաների հաճախումները կարելի է համարել բավարար: Նախակրթական ուսումնական հաստատություններից չորսում վերջին օրերին բացակայություններ եւ երեխաների մոտ հիվանդության նախանշաններ չեն հայտնաբերվել, իսկ մյուս երկուսում` բացակաների թիվը եղել է չնչին:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արտաշատի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Մանյա Գաբրիելյանը` ավելացնելով, որ քաղաքում գործող երկու սպորտդպրոցներում սաների հաճախելիությունն անգամ սուր շնչառական հիվանդությունների բռնկման փուլում հասնում էր 95 տոկոսի: Նա նշեց, որ մասնագետներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ սպորտդպրոցներ են հաճախում ֆիզկապես ամուր եւ առողջ երեխաները:
Հանձնարարված է, որպեսզի մանկապարտեզներում բուժքույրերը լինեն խիստ եւ աչալուրջ. մանկապարտեզ մուտք գործող երեխայի մոտ հիվանդության նախանշաններ հայտաբերելու դեպքում` նրանց անմիջապես հետ ուղարկեն տուն:
Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից հայտնեցին, որ մարզում մանկապարտեզները գտնվում են համայնքային ենթակայության տակ: Եթե որեւէ գյուղում կամ քաղաքում նկատվեն մասնավոր դեպքեր, ապա համայնքի ղեկավարությունն իրավունք ունի միանձնյա կայացնել նուհի գործունեության ժամանակավոր դադարեցման որոշումը:
Արտաշատում գործող յոթ մանկապարտեզում սաների թիվը ավելի քան 1000 է: Նրանցում աշխատում են 93 դաստիարակ, լոգոպեդ, երաժշտության ուսուցիչ, սոցիալական մանկավարժ, մեթոդիստ եւ տնօրեն:
Լիլիթ Մաճկալյան