Մարզային

Կրթական օբյեկտների շինարարության համար տրամադրվել է 219 մլն 948 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Կրթական օբյեկտների շինարարության համար տրամադրվել է 219 մլն 948 հազար դրամ

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2015 թվականի ընթացքում նախատեսվում է պետբյուջեի միջոցներով իրականացնել կրթական օբյեկտների յոթ ծրագիր, ինչի համար տրամադրվել է 219 մլն 948 հազար դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն Նոյակերտ, Արմաշ, Ուրցաձոր, Խաչփառ, Զորակ, Դարակերտ համայնքների դպրոցներում եւ Արմաշի մանկապարտեզում:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, Արմաշի մանկապարտեզում տանիքի վերանորոգման, դռների եւ պատուհանների փոփոխման համար տրամադրվել է 12 մլն դրամ:

Նոյակերտի դպրոցին հատկացվել է 110 մլն դրամ, որտեղ 2007 թվականից սկսված շինարարական աշխատանքները գտնվում են վերջին փուլում եւ կավարտվեն այս տարի: Կիրականացվեն դասասենյակների, միջանցքների ներքին հարդարման, ցանկապատի նորացման եւ բակի բարեկարգման աշխատանքներ:

Արմաշի դպրոցի 3-րդ մասնաշենքի ներքին հարդարման, բակի ցանկապատի նորացման, կոյուղու հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 7 մլն դրամ: 40 մլն 300 հազար դրամ է հատկացվել Ուրցածոր համայնքի միջնակարգ դպրոցի վերակառուցման, 10 մլն դրամ` Խաչփառ համայնքի, 20-ական մլն դրամ` Զորակ եւ Դարակերտ համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:

«Շինարարական աշխատանքները կմեկնակեն մայիսի վերջին, ողջ թափով կընթանան ամռան երեք ամիսների ընթացքում, որպեսզի սեպտեմբերին չխանգարեն դպրոցներում ընթացող դասապրոցեսին»,-շեշտեց Խաչատրյանը: Արդեն պատրաստ են նախագծանախահաշվային աշխատանքները: Այս պահին որոշվում է շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հարցը: Մրցույթն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով. կշահի այն կազմակերպությունը, որն առավել բարեխիղճ կգտնվի, քիչ գումարով կկատարի շատ աշխատանք:

Արարատի մարզում պետբյուջեի միջոցներով նախորդ տարի իրականացվել են կրթական օբյեկտների 18 ծրագիր:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում