ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում արդյունաբերական ռոբոտների վաճառքները 2014 թվականին նոր ռեկորդ են սահմանել՝ առաջին անգամ գերազանցելով 200 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի (IFR) հաղորդագրության մեջ: Նախորդ տարիների համեմատությամբ աճը կազմել Է 27 տոկոս:
«Առավել մեծ վերելք Է դիտվել ավտոմոբիլաշինության մեջ. դրան հաջորդում Է Էլեկտրոնիկայի արտադրությունը: Ելնելով արդյունաբերական ռոբոտների վերաբերյալ համաշխարհային վիճակագրության նախնական տվյալներից՝ IFR-ն 2014 թվականի վաճառքները գնահատում Է 225 հազար միավոր՝ 27 տոկոսով ավելի, քան 2013 թվականին»,-հայտարարել Է կազմակերպության նախագահ Արտուրո Բարոնչելին:
Նոր առավելագույն ցուցանիշներ են գրանցվել բոլոր տարածաշրջաններում, ընդ որում՝ Ասիայում վաճառվել Է մոտավորապես 140 հազար արդյունաբերական ռոբոտ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, արդյունաբերական ռոբոտների գնումների ծավալով առաջատարն անցյալ տարի մնացել Է Չինաստանը՝ 56 հազար հատ՝ 54 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, այդ թվում՝ 16 հազարը՝ սեփական արտադրության:
Երկրորդ տեղում Հարավային Կորեան Է (39 հազար), հնգյակում տեղ են գտել Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Գերմանիան: Այդ երկրներին Է բաժին ընկնում 2014 թվականին արդյունաբերական ռոբոտների համաշխարհային վաճառքների շուրջ 75 տոկոսը: