Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի վերջին տասնօրյակի ընթացքում Սեւանա լիճ թափվող գետերում արդեն սկսվել է դիտվել փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի ավելացման նշաններով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Սեւանա լիճ թափվող ամենաջրառատ երեք գետերում՝ Գավառագետում, Մասիրկում եւ Արգիճիում սկսել են ավելանալ ջրի ելքերը: Այսպես, Գավառագետի նվազագույն ելքը վայրկյանում 2,17 խորանարդ մետր է, որը 2015 թվականի մարտի 24-ին արդեն կազմել է 2,61 խորանարդ մետր վայրկյան: Արգիճիի նվազագույն ելքը 2,35 խորանարդ մետր վայրկյան է, որը նույն օրվա դրությամբ կազմել է 2,77 խորանարդ մետր վայրկյան: Առավել նկատելի փոփոխական ռեժիմ դիտվել է Մասրիկում՝ 4,22 խորանարդ մետր վայրկյան՝ 1,47 խորանարդ մետր նվազագույն ելքի դիմաց: Այդուհանդերձ, նախորդ տարվա մարտի 24-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը նվազել է 6 սանտիմետրով՝ այսօրվա դրությամբ ծովի մակարդակից գտնվելով 1900 մետր 16 սանտիմետր բարձրության վրա:
Նույն աղբյուրի կանխատեսմամբ՝ վերջին օրերի տեղումները եւ ապրիլ-հունիսին սպասվող վարարումները կարող են դրական հաշվեկշիռ ապահովել Սեւանա լճի ջրային պաշարների կուտակման համար:
Խոսրով Խլղաթյան