Մշակույթ

Գդանսկում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

3 րոպեի ընթերցում

Գդանսկում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից մարտի 20-ին հոգեհանգստի կարգ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Գդանսկի քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդի ուղեկցությամբ դեսպան Ղազարյանը շրջայց է կատարել Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու տարածքում, ծանոթացել եկեղեցու վերանորոգման ծրագրին և գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկել է Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսն իրականացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Գդանսկի քաղաքապետարանի հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչը, Գդանսկի քաղաքապետարանի, Գդանսկում և հարակից բնակավայրերում ապրող հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաև ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում և ավարտվելու են Հայաստանում:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել Գագիկ Պարսամյանին՝ հրաշալի և նրբագեղ նկարների, հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած իր հոգատարության և գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում