Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմինը նամակ է հղել Բաշար Ասադին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմինն անցնող մի քանի օրերին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցու Սուրենյան դահլիճում հաջորդական նիստեր է գումարել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից, նիստերի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Սիրիայի խորհրդարանի բանաձևը, որից հետո նամակներ են ուղղել նախագահ Բաշար ալ Ասադին և Սիրիայի խորհրդարանին:
Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի խորհրդարանում հնչած` Ցեղասպանության դատապարտման և հայ ժողովրդին զորակցության ու հարգանքի արտահայտության՝ Սիրիայի նախագահին և խորհրդարանին հղած նամակների մեջ Կենտրոնական մարմինն իր երախտագիտությունն է հայտնել սիրիական հայրենիքին ու ժողովրդին նման կեցվածքի համար՝ հատկապես նշելով ու ակնկալելով, որ Սիրիան ճիգեր կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման ու միջազգայնացման գործընթացում:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Ցեղասպանության 100-ամյակի Սիրիական կենտրոնական մարմինը հատուկ պաստառներ է պատրաստել, որոնք արդեն իսկ տեղադրվել են հայ Ավետարանական Բեթել եկեղեցու, Առաքելական Սբ. Հակոբ, Սբ. Աստվածածաին եկեղեցիների, ինչպես նաև Հալեպի Գյուլբենկյան վարժարանի պատերին:
Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը խորհրդարանական նիստի ընթացքում հայտնել էր. «Մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամ ժողովրդին, Սիրիայում ապրող մեր հայ հարազատներին, ովքեր հարյուր տարի առաջ Օսմանյան կայսության կողմից ենթարկվել են հավաքական Ցեղասպանության»: Ապա խորհրդարանի նախագահն առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել ցավալի իրադարձությունների զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակը: