ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում իրավիճակն այս պահին հանդարտ է, սակայն սխալ կլինի կանխատեսել, որ Քեսաբում այսուհետ անվտանգ է լինելու: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Բոլորին է հայտնի, որ անցած տարի Քեսաբի վրա հարձակումը տեղի ունեցավ Թուրքիայի տարածքից և այդ երկրի իշխանությունների անմիջական թողտվությամբ: Այսինքն, երաշխիք, որ նման հարձակում չի կրկնվի, ոչ մեկ չի կարող տալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան էական շահեր ունի Սիրիայի տվյալ շրջանի հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պետրոսյանը:
Քեսաբին սպառնացող մյուս վտանգը սիրիական հակակառավարական ուժերն են, որոնց դիրքերը բավական կայուն են Քեսաբից արևմուտք գտնվող Իդլիբ նահանգում: «Այս նահանգի տարածքները հիմնականում ընդդիմադիր մի քանի խմբավորումների վերահսկողության ներքո են, և այստեղ նրանց ազդեցությունն ավելի ուժեղ է: Այս տեսանկյունից նոր հարձակումը Քեսաբի վրա չի բացառվում, քանի որ Քեսաբը Լաթաքիա նահանգում է, որը հիմնականում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետևորդներով բնակեցված շրջան է և թիրախային նշանակություն ունի: Այսինքն, որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ Քեսաբի վրա նոր հարձակում չի լինելու»,- ընդգծեց արաբագետը՝ հավելելով, որ անցյալ տարվա դեպքերից հետո Սիրիայի կառավարական ուժերը ավելացրել են իրենց ներկայությունն այդ տարածքում, հատկապես Թուրքիայի հետ սահմանին, ինչը այս պահին կառավարական ուժերի համար ռազմավարական կարևորություն ունի:
Արաբագետը նկատեց, որ այսօր լրանում է ահաբեկիչների կողմից Քեսաբի վրա իրականացված հարձակման մեկ տարին: Նա հիշեցրեց, որ հունիսի 14-ին Սիրիայի կառավարական ուժերին հաջողվեց ազատագրել Քեսաբը, որից հետո Քեսաբից տեղահանված բնակչության մի մասը կրկին վերադարձավ իր բնակավայր: Դրանից հետո Քեսաբի մոտակայքում եղել են մանր ռազմական գործողություններ: «Անցյալ տարվա դեկտեմբերին այդ շրջանում եղան մանր ռազմական գործողություններ, որի ընթացքում Քեսաբի բնակչությունը կրկին տեղահանվեց Լաթաքիա, սակայն մեկ-երկու օր հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր, նրանք կրկին վերադարձան իրենց բնակավայրերը: Անցած ամիս ևս վարչակարգային ուժերը մանր ռազմական գործողություններ իրականացրեցին այդ տարածքներում որոշակի ակտիվություն դրսևորող կողոպտիչ խմբավորումների դեմ, ինչից հետո իրավիճակը հանդարտվել է»,- եզրափակեց Պետրոսյանը:
2014. հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից ազատագրվել է Քեսաբ գյուղաքաղաքը, որը մարտի 21-ին Թուրքիայի սահմանից ներխուժած իսլամիստ զինյալների կողմից հայաթափվել էր: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել էր առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական` Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք ևս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին: Քեսաբի ազատագրումից հետո մոտ250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ: