Մարզային

Վաղը կկայանա Սեւակի տուն-թանգարանին կից կառույցի` Զանգակատան բացումը

2 րոպեի ընթերցում

Վաղը կկայանա Սեւակի տուն-թանգարանին կից կառույցի` Զանգակատան բացումը

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Զանգակատուն համայնքում մարտի 21-ին կկայանա Պարույր Սեւակի տուն-թանգարանին կից կառույցի` Զանգակատան բացման հանդիսավոր արարողությունը: Այն համընկնում է Պոեզիայի միջազգային օրվա հետ, ինչը նույնպես մեծ խորհուրդ ունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014 թվականի հունվարի 24-ի հանձնարարականով սկսված շինարարական աշխատանքներն ավարտվել են դեկտեմբերի վերջին, որի համար ծախասվել է շուրջ 35 մլն դրամ: Զանգակատունը կառուցվել է Ջիմ Թորոսյանի աշակերտ Էրիկ Օհանյանի նախագծով: Շինարարությունն սկսել է «Վահագն» ՍՊԸ-ն եւ ավարտին հասցրել` «Գեւորգյան-Ներսիսյան» ՍՊԸ-ն:

Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի տվյալներով, Զանգակատուն են տեղափոխվել ֆոնդային նյութերը, որին կհաջորդեն նրանց մշակման, դասդասման, թվայնացման աշխատանքները: Կայուն ջերմաստիճանի առկայության շնորհիվ Սեւակի ողջ գրական ֆոնդը վերջնականապես կփրկվի քայքայումից: Պատրաստ է նաեւ Զանգակատան վարչական շենքը, գիտաշխատողների աշխատասենյակը:

Տուն-թանգարանը գործում է 1981 թվականից: Ամեն տարի մեծանուն գրողի ծննդյան օրը` հունվարի 24-ին եւ մահվան օրը` հունիսի 17-ի կազմակերպվում են հիմնական միջոցառումները: Իրականացվում են նաեւ ընթացիկ միջոցառումներ` կապված որեւէ ստեղծագործության հոբելյանական լինելու հետ: Տուն-թանգարանում պահվում են ավելի քան 700 գիտաօժանդակ նյութեր. գրքեր, լուսանկարներ, նամակներ, հոդվածներ, 340 միավոր անձնական իրեր:

իլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում