«Արևավիշապ-2015» փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ցեղասպանություն, ահաբեկչություն, բռնություն, այլատյացություն. հենց այս թեմաներն են արծարծում այս տարվա «Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնին ներկայացված աշխատանքները: «Պանդորայի արկղը» խորագրի ներքո երրորդ անգամ անցկացվող փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արևավիշապ-2015»-ը մարտի 19-ինմեկնարկեցՀայաստանի նկարիչների միությունում:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ Ցեղասպանության մասին գրեթե բոլոր լեզուներովխոսելը ընդունելի է: «Երգիծանկարն այն ունիվերսալ լեզուն է, որով շատ դեպքում հնարավոր է ասել ավելին, քան տեքստով և ֆիլմով: Մտածելու, երևակայելու տեղ է տալիս: Իհարկե, շատ կարևոր ցուցահանդես է: Հայոց ցեղասպանության թեմատիկային զուգահեռ այստեղ ներկայացված են նաև այլ ազգերի հոգսերը, այլ տեսակի խնդիրներ, որոնց դեմ պետք է պայքարել գոնե արվեստի մեթոդով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ներսես Տեր-Վարդանյանը: Նա հավելեց, որ ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի սկիզբը:
Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանի խոսքով՝ փառատոնին ներկայացված են 47 երկրների 141 հեղինակների գործեր:«Հիացած եմ մասնակիցների գործերով: Աշխարհի ամենահզոր ցուցահանդեսն է, միանշանակ: Սա ամեն մի երկրի վերաբերմունքն է մեր ցավին: Միջոցառման անցկացման ամսաթիվն էլ պատահական չենք ընտրել՝ մարտի 19-ը ժամը 15-ը՝ 1915, որպեսզի մարդիկ տպավորվեն: Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր այցելու, ով կհիշի այս թիվը»,- նշեց նա:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ կարևորեց, որ նկարիչներն իրենց գործերը ներկայացրել են բոլորի համար կարևոր խնդրի՝ Հայոց ցեղասպանության շուրջ:
Ցուցադրությունը կազմաված է երեք բաժիններից՝ մրցութային, հետահայաց պատմական բաժին, որտեղ ներկայացված են 1915 թվականի արյունոտ և ողբերգական դեպքերի հետ առնչվող միջազգային պարբերական մամուլի բազմաթիվ նկարներ և պաստառներ, հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդես:
«Արևավիշապ-2015» փառատոնի ժյուրին նախագահում է Սուքիաս Թորոսյանը /Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ/, ժյուրիի անդամներն են` Կարեն Աղամյանը /Հայաստանի նկարիչների միության նախագահ/, Պավել Ջանգիրովը /Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ/, Ռիբեր Հաննսոնը /Շվեդիա/, Վլադիմիր Կազանևսկին /Ուկրաինա/, Վալենտին Դրուժինինը /Թուրքմենստան-Ռուսաստան/, Սարգիս Պաչաչին /Թուրքիա-Ֆրանսիա/, Պաոլո Դալպոնտեն /Իտալիա/:
Մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ լավագույնն է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Վիտոլդ Բարբարայի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված ծաղրանկարը: Բացի այդ, նկարիչները խորհրդանշական «Պանդորայի արկղ»-ում տեղադրված երևակայական երկրագնդի վրա ծաղրանկարներ նկարեցին:
«Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնը հիմնադրվել է 2013 թվականին` Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ, և մեկնակել նույն թվականի ապրիլի 1-ին՝ Հումորի միջազգային օրվան ընդառաջ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել երգիծանկարչությունը` որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղ:
Փառատոնին մասնակցում են երգիծանկարիչներ ողջ աշխարհից, ներկայացնելով տարբեր ժանրեր՝ երգիծանկար, գրաֆիկական հումոր, պրոբլեմային գրաֆիկա, պաստառ, կոմիքս և այլն: Ավանդաբար ցուցադրություննը ներառում է մրցութային բաժին, ինչպես նաև ներկայացվում են հայտնի երգիծանկարիչների գործեր: Ամեն տարի փառատոնն անցկացվում է տարբեր խորագրերի ներքո: