Քաղաքականություն

Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև. ՀՀ Նախագահ

5 րոպեի ընթերցում

Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերը ցանկանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում: «Մենք կցանկանայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:

Նա ժխտողականության վառ օրինակ համարեց փաստը, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: «Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Նա ցավ հայտնեց, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով: Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը ՀՀ Նախագահը որակում է որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:

«Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը»,-ասաց Սարգսյանը:

Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման:

«Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված էին Թուրքիայի անկեղծ մտադրությունները՝ կարգավորել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի և այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարևանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարևաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսևորում»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում