Քաղաքականություն

Թուրքիան պետք է հաշտվի սեփական պատմության հետ. Հեիդի Հաութալա

3 րոպեի ընթերցում

Թուրքիան պետք է հաշտվի սեփական պատմության հետ. Հեիդի Հաութալա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեիդի Հաութալան Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում խոստովանում է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը շատ ազդեցիկ է եղել, տպավորությունները` խորը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին` Հաութալան շեշտել է, որ 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանը բանաձեւ կընդունի: «Սա իսկապես շատ կարեւոր իրադարձություն է, եւ ես հուսով եմ, որ այն հնարավորություն կընձեռի Թուրքիային առերեսվել իր անցյալին եւ սա հնարավորություն կընձեռի պատմաբաններին ու գիտնականներին` խորը ուսումնասիրելու պատմական այս իրադարձությունը»,-նշում է եվրոպացի պաշտոնյան:

Դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության փաստն իրականում ուսումնասիրության կարիք չունի եւ հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում եվրոպական երկրներին առավել համարձակ հայտարարություններ անելու համար, տիկին Հաութալան ասաց, որ 1987թ. Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ կապված Հայոց ցեղասպանության հետ եւ դա իրապես շատ կարեւոր է: «Ես գտնում եմ, որ Թուրքիան պետք է կարողանա հաշտվել եւ ընդունել իր պատմությունը: Երբ կողմերը համաձայնության գան, սա հնարավորություն կընձեռի ապագայում ավելի դրական զարգացումների եւ կողմերի միջեւ հարաբերությունների հաստատման համար»,-ասաց Հեիդի Հաութալան:

Նրա գնահատմամբ` ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր երեւույթ է, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: «Մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի ճանաչումը որպես ցեղասպանություն շատ կարեոր հանգամանք է, որպեսզի հետագայում նման երեւույթներից խուսափեն: Սակայն մենք չպետք է մոռանանք այլ նմանատիպ ցեղասպանությունների մասին նույնպես: Օրինակ, ուկրաինացիների սովամահ լինելը Ստալինի ժամանակ: Հայոց ցեղասպանության ճանաչումն արդարության եւ հաղթանակի դրսեւորում կլինի նման երեւույթներից խուսափելու համար»,- ասաց նա: Անդրադառնալով փաստին, որ Թուրքիան այս տարի որոշել է փոխել Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի օրն ու այն տոնել հենց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը, Հաութալան ասաց, որ դա հստակ ազդակ է: «Թուրքիան պետք է փոխի իր դիրքորոշումն անցյալի հանդեպ Հայաստանն արժանի էր այլ մոտեցման այս հարցում»,- եզրափակեց նա:

Մարտի 16-17-ը Երեւանում անցկացվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակում ընդունվել է մի քանի բանաձեւ: Վեհաժողովի անդամները մարտի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր: Ադրբեջանը հրաժարվել է այցելել Հայաստան եւ մասնակցել վեհաժողովի աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում