Շտապօգնության ավտոմեքենայի վթարի հետեւանքով բժիշկ է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Շտապօգնության ավտոմեքենայի վթարի հետեւանքով բժիշկ է զոհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/797700.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արտաշատի շտապօգնության կայանի մեքենան մարտի 14-ի երեկոյան Վերին Արտաշատ կանչի մեկնելիս վթարի է ենթարկվել` բախվելովFord Transit ավտոմեքենային։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատահարի արդյունքում բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել է։
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է ողբերգական պատահարի համար և վշտակցություն հայտնում մասնագիտական իր պարտականությունները կատարելու ընթացքում մահկանացուն կնքած բժշկի հարազատներին ու մերձավորներին։
Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Կազմակերպվում է նաև վարորդի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։