Պաշտոնական

Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես (լրացված)

3 րոպեի ընթերցում

Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա» պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, հայկական, հրեական, ռուսական եւ բելառուսական համայնքների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը աջակցել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը: Բանախոսները մասնավորապես նշել են, որ Ռիգայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումը կարեւոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրանք ընդգծել են, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է:

Իր ելույթում Էդուարդ Շարմազանովըմասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված է եվրոպական մամուլի արձագանքը, որը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է, որքան իրագործումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է միասնական պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, չի կարելի բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում