Մշակույթ

Ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմն ապրիլի 17-ից կներկայացվի կինոթատրոններում

3 րոպեի ընթերցում

Ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմն ապրիլի 17-ից կներկայացվի կինոթատրոններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի ապրիլի 17-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Դուք չեք կարող խուսափել անցյալից». հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը: Արդեն հասանելի է նաև ֆիլմի պաշտոնական պաստառը:

ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:

Ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին:

Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915» հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»,- նշված է ֆիլմի կայքում:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպի» կինոնկարներից:

Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը /Ջեֆրի/, Քորթնի Հալվերսոնը /Լաքի/, Դեբրա Քրիսթոֆերսոնը /Լիլիան/, Նիկոլայ Կինսկին /Թոնի/, Մայլս Քրանդորդը /Ռեյ/ և այլք:

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանը վերջերս Rolling Stone-ին ասել է, որ ֆիլմը շատ հետաքրքիր դրամա է: «Այն նկարահանվել է Լոս Անջելեսում՝ «Լոս Անջելես» թատրոնում, որը շատ հին և ականավոր թատրոն է: Այն իսկապես շատ, շատ հետաքրքիր թրիլեր է, ժամանակակից պատմություն: Ֆիլմն առնչվում է ժխտողականոության և ցեղասպանության հոգեբանական հետևանքներին»,- ասել է Թանկյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում