Եվրամիությունը աջակցում է Լոռու մարզի գործարար կանանց
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ախթալայում մարտի 11-ին նշեցին Կանանց միջազգային տոնը: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումները: Այս համատեղ նախաձեռնությունը ևս մեկ առիթ էր՝ նշանավորելու ԵՄ պատրաստակամությունը օգնելու կանանց կայանալ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀԵԿԱ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշել է, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, և այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: «Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է, ընդհանուր առմամբ, 62 բիզնես-ծրագիր, որից 12-ը՝ խմբային: Ներկայացված ծրագրերից 14-ն ստացել են դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո դրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»,- ասել է նա:
Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը ներկայացել է «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ:Սա դրական գնահատականի արժանացած սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար (կեմպինգ) հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:
Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, ովքեր մարզի համայնքների ղեկավարների հետ գործուն աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացման գործում: «Շատ ուրախալի կլիներ, որ նման ծրագրերն ունենային իրենց շարունակությունը, որովհետև այսօրինակ ծրագրերով լուծվում են մարզի կանանց սոցիալական խնդիրները: Այսպիսի ծրագրերը բոլորիս համար էլ կարևոր են»,- նշել է Լոռու փոխմարզպետը:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան և Աքորի համայքներում հիմվել և արդեն իսկ ակտիվ գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց:
Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը հատկացրել է 768 հազար 357 եվրո: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թվականի մայիսից մինչև 2016 թվականի ապրիլ:
Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվել են 5 համախմբի համար տեղական տնտեսական զարգացման մոդելներ և իրականացվել է 7 բիզնես դասընթաց, որից 6-ը՝ CEFE մեթոդոլոգիայով: