Թթուջուր գյուղում կկատարվի 100 հեկտար վարելահողերի մելիորացիա
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում «Շեն» բարեգործական կազմակերպության եւ կանադական «Յալկեզյան» հիմնադրամի միջոցներով կիրականացվի 100 հեկտար դեգրադացված վարելահողերի մելիորացիա, որտեղ այս գարնանը կկատարվի գարնանացան գարու ցանք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թթուջրի գյուղապետ Վիգեն Սահակյանը, վարի աշխատանքներն իրականացվում է վերոնշյալ կազմակերպություների հաշվին, իսկ ցանքը կատարելու են գյուղացիները: «Շեն» կազմակերպության եւ «Յալկեզյան» հիմնադրամի ներկայացուցիչները այսօր արդեն եղել են գյուղում եւ գյուղապետարանի հետ ճշտել այն տարածքները, որոնք ենթակա են մելիորացման: Նույն ծրագրի շրջանակում Թթուջուրն ստանալու է շարքացան, կուլտիվատոր եւ 2 գութան՝ ցանքի աշխատանքներն իրականացնելու համար: «Վարի աշխատանքների համար ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք պատկանում են գյուղի բնակչության համարյա 99 տոկոսին: Սերմացու եւ դիզվառելիք ձեռք բերելու համար օգտվելու ենք կառավարության աջակցության ծրագրերից: Նույն տարածքները բերքահավաքից հետո կդնենք աշնանացան ցորենի տակ: Ծրագրի հաջող ընթացքի դեպքում «Շենը» պարտավորվում է եկող տարում մելիորացնել 150 հեկտար տարածք: Գյուղտեխնիկայի բացակայության եւ զանազան այլ պատճառներով մեր գյուղի ունեցած 650 հեկտար վարելահողերը վերածվել են խոտհարքերի, որոնք պետք է աստիճանաբար դարձնենք մշակովի, մանավանդ որ ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք ենք բերել 2 տրակտոր, գյուղգործիքներ»,-նշեց համայնքի ղեկավարը:
Ըստ Վիգեն Սահակյանի՝ մելիորատիվ աշխատանքները կսկսվեն մոտ 10 օրից, իսկ գարանացանը կկատարվի ապրիլի առաջին կեսին:
ԽոսրովԽլղաթյան