Մարզային

Վարդենիս քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը հիմնանորոգման կարիք ունի

3 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը հիմնանորոգման կարիք ունի

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրատարի ներքին ցանցի քայքայման պատճառով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» թաղամասը գրեթե զրկված է խմելու ջրի մատակարարումից, իսկ «Բանդեր» թաղամասի հարյուրավոր տնտեսությունների նկուղներ եւ տնամերձեր հայտնվել են ջրի մեջ ջրահեռացման համակարգ չունենալու հետեւանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, «Բանավան» թաղամասի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում հիմնականում ջուր չի լինում, եւ մարդիկ ստիպված են դույլերով ջուր կրել առաջին հարկերից:«Թաղամասն ունի մոտ 1000 տնտեսություն, որտեղ խմելու ջրատարի ներքին ցանցը, կառուցված լինելով ավելի քան յոթ տասնամյակ առաջ, արդեն քայքայվել է, ջրի կորուստները հասնում են մոտ 70 տոկոսի, ինչի հետեւանքով ճնշումը չի բավարարում՝ վերեւի հարկերի ջրամատակարարումն ապահովելու համար»,-նշեց քաղաքապետը:

Քաղաքապետն իր մտահոգությունը հայտնեց նաեւ «Բանդեր» թաղամասում ստեղծված իրավիճակից, որտեղ կոյուղու կամ մշտահոս ջրերով են ծածկվել տնամերջ հողամասերն ու նկուղները, ինչը բնակիչներին անհանգստացնում է տարիներ շարունակ:»Այդ թաղամասի խնդիրը լուծելու համար հարկավոր է կառուցել դրենաժային համակարգ եւ կոյուղի, որպեսզի հեռացվեն կոյուղաջրերն ու հոսող ջրերը: Դրա համար կպահանջվի ավելի քան 300 միլիոն դրամ, որը վեր է մեր ուժերից: Իսկ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ տեւական քննարկումները դեռ արդյունք չեն տվել: Վերջերս Գեղարքունիքի մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարության եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ՝ տեղում համատեղ ուսումնասիրություն կատարելու եւ համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումները քայլ առ քայլ սկսելու համար: Բարվոք վիճակում չէ նաեւ Երեւանյան փողոցի կոյուղին, որի ջրերը ոչ թե մաքրման կայան են մտնում, այլ ինքնահոս թափվում են գետը: Հուսամ, որ եղանակները տաքանալուն պես համակարգը սպասարկող «Հաջրմուղկոյուղի» ընկերության հետ կսկսենք համագործակցված աշխատանքը եւ կկարողանանք վերջապես շտկել ջրանմատակարարման եւ ջրահեռացման համակարգում առկա անմխիթար վիճակը»,-հույս հայտնեց քաղաքապետը:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում