Արարատի մարզում նվազել է ծնունդների թիվը
1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում այս տարվա երկու ամսում գրանցվել է 361 ծննդաբերություն, որոնցից չորսը եղել են այլ մարզերի բնակիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ըստ ծննդատների տվյալների` «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ում ծննդաբերել է 91 կին, «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ում` 97, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ում` 126, «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ում` 47:
Նախորդ տարվա երկու ամսում գրանցվել է 391 ծննդաբերություն: Համեմատությունից երեւում է, որ նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել է 30-ով: Հետաքրքիր է նաեւ դիտարկել ծնունդների թիվն ըստ տարածաշրջանների. ամենից շատ ծնունդները գրանցվել են Վեդիում: Արարատի տարածաշրջանում անհամեմատ պակաս է ծնունդների թիվը, ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներ լինելով եւ երիտասարդների արտագաղթի դիմելու փաստով: Բնական ճանապարհով երեխաների ծնունդներից բացի, այս տարվա հունվարին մարզի չորս բժշկական կենտրոններում գրանցվել են կեսարյան հատման 48 դեպք, փետրվարին` 34:
Լիլիթ Մաճկալյան