ՀՀ վարչապետի շնորհակալագիր Արարատի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետին
2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
«Մի ամբողջ կենսագրություն աշխատելով, ողջ եռանդս ներդնելով համակարգի կայացման գործում` երբեւէ չեմ մտածել գնահատվելու մասին: Տարիքն առնելով` զգում եմ, որ գնահատականի կարիքն, այնուամենայնիվ, կա: Այն շատ ոգեւորող է, հատկապես, երբ այդ գնահատակաը պետական պաշտոնյաների կողմից է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լալայանը:
Տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման առաջին իսկ օրվանից Լալայանն սկսել է աշխատել այդ ոլորտում ` նպաստելով համակարգի կայացմանը, այնուհետեւ անմնացորդ նվիրումով աշխատանք տարել արդեն կայացած համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Անդրադառնալով հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը` վարչության պետը ցանկություն հայտնեց, որ ՏԻՄ-րում ընտրվեն այնպիսի մարդիկ, ովքեր իրապես ունեն համապատասխան ունակություններ ու հմտություններ եւ կարող են գոնե իրենց կառավարման ժամանակահատվածում համայնքն ինչ-որ մի աստիճանով բարձրացնել, որովհետեւ իր համոզմամբ` երկրի կայացման կարեւորագույն նախապայմանը զարգացած, կայացած համայնք ունենալն է: «Բնականաբար, պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, թե ովեր են աշխատակազմում համախմբված համայնքապետի շուրջը, ինչ կրթության եւ հմտությունների տեր մարդիկ են նրանք»,-ընդգծեց Լալայանը:
Լիլիթ Մաճկալյան