Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է կայացել Լիբանանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ:
Երեկոն բացել է փառատոնի գեղարվեստական տնօրեն, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարցիանոն, ով, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ջարդերին, ապա ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, խոսել այդ առթիվ նախատեսվելիք միջոցառումների մասին:
Նվագախումբը կատարել է Ղազարոս Սարյանի, Նիկոլո Պագանինիի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները: