Հասարակական

Ամալ Քլունին սատարել է ամուսնուն Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ

4 րոպեի ընթերցում

Ամալ Քլունին սատարել է ամուսնուն Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին իր համերաշխությունն ու աջակցություն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի օրվան: Նյու Յորքում մարտի 10-ին 100 LIVES(«100 կյանք») նախաձեռնության մեկնարկի արարողությանը նրան է միացել կինը` հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը:

«Ինձ համար պատիվ է համագործակցությունը 100 LIVES-ի հետ, քանզի այն և իմ «Not On Our Watch» հիմնադրամը նույն նպատակն են հետապնդում` աշխարհի ուշադրությունը բեևեռել ցեղասպանության ազդեցության վրա և ռեսուրսներ ներդնել աշխարհում զանգվածային կոտորածների վերացման համար»,- ասել է Քլունին` հավելելով, որ ցեղասպանությունները շարունակում են տեղի ունենալ նաև այսօր:

Հեղինակավոր «The Economist» շաբաթաթերթը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին փրկած անհատներին տրվող «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) շնորհանդեսին, նշում է, որ ամերիկյան և այլազգի միսիոներները 1915 թվականի զանգվածային կոտորածների և տեղահանությունների կարևոր վկաներն են: «Սիրիայից մինչև Անդրկովկաս ձգվող վայրերում, միսիոներներն օգնություն են ցուցաբերել փրկվածներին, հետևել, որպեսզի որբերը սնունդ ունենան, կրթություն ստանան և կարողանան նոր կյանք սկսել: Այս ամենի համար գումարները հավաքվել են ամերիկյան եկեղեցիներում, իսկ երբ ամերիկյան նպաստամատույցներում պահվող երեխաները վատ էին սնվում, նրանց ասել են. «Մտածի´ր սոված հայերի մասին» և ավելի երախտապարտ եղիր»,- գրում է «The Economist»-ը:

Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների և նրանց փրկողների առաջ՝ 100 LIVES նախաձեռնությունը սահմանել է«Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով: Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել: «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվԱվրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցրել է հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո, նա կարողացել է իր մեջ ուժ գտնել եւ իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919թ.) գլխավոր դերում։ Մրցանակի սահմանումը ոգեշնչված է նաև հարյուր տարի առաջ ցուցաբերված խիզախության եւ գոյապայքարի հազարավոր չպատմված դրվագներով`

2016թ. ապրիլի 24-ին Երեւանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում