1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կառուցվող մանկապարտեզի շենքը պատրաստ կլինի մայիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, Սասունիկի գյուղապետարանի և Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմին ֆինանսավորմամբ կառուցվող երկհարկանի շինությունը շահագործման կհանձնվի ամբողջովին կահավորված եւ բարեկարգ բակով:
1998թ.-ից այս կողմ, շուրջ 4000 բնակիչ ունեցող համայնքը մանկապարտեզի շենք չի ունեցել, և երեխաների միայն մի մասը հնարավորություն ունի հաճախելու Աշտարակ քաղաքի մանկապարտեզ, մյուս մասն էլ ժամանակավորապես հաճախում է համայնքի դպրոցում նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված դասաժամերին:
Սասունիկի բնակիչներն աճեցնում են խաղող, մշակում տնամերձ հողամասը, զբաղվում անասնապահությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ գյուղացիներից շուրջ 100-ն աշխատում է գյուղի գինու գործարանում: