Մարզային

Վերին Դվինի ասորական եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ

2 րոպեի ընթերցում

Վերին Դվինի ասորական եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ

ԱՐՏԱՇԱՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վերին Դվին ասորական համայնքի Մար Թումա եկեղեցում կիրակի օրը կատարվեց հոգեհանգստի կարգ Սիրիայի Խաբուր գետի երկայնքով տեղավորված 32 գյուղերի ասորի բնակիչների հոգու հանգստության համար: Հայաստանում ասորական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նիկոդեմ Յուխանաեւը պատարագից հետո նշեց, որ այս պատարագն առ Աստված ուղղվեց այն ասորի խաղաղ բնակիչների համար, որոնք փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը զոհ դարձան, իսկ մի մասն էլ գերեվարվեց ծայրահեղ իսլամական խմբավորումների կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատարագիչ քահանան աղոթք կարդաց եւ Աստծուց խաղաղություն խնդրեց աշխարհի բոլոր գերիների փրկության համար: Հոգեհանգստի պատարագին ներկա էին «Աթուր» Հայաստանի ասորիների ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը, պատմաբան-ցեղասպանագետ Անահիտ Խոսրոեւան, Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան, դպրոցի տնօրեն Աիդա Լազարեւան, ուսուցչական կոլեկտիվը, ասորի հավատավոր ժողովուրդը, այլք:

Համայնքի դպրոցն այսօր ունի շուրջ 280 աշակերտ, որոնցից 180-ը ասորիներ են: Նախորդ տարի շրջանավարների մեծ մասն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Հայաստանի ասորիների «Աթուր» ասոցիացիայի նախագահի տվյալներով, հանրապետությունում ապրում է ավելի քան 7000 ասորի, որոնցից 3500-ը` Արարատի մարզում: Հանրապետությունում ամենաշատ ասորիները Վերին Դվին համայնքում են` ավելի քան 2000: Ասորիներ կան նաեւ Կոտայքի մարզի Արզնի քաղաքում, Արմավիրի մարզի Նոր Արտագերս եւ Արարատի մարզի Դիմիտրով համայնքներում, նաեւ Երեւանում: Գյուղական համայնքների բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ, իսկ մայրաքաղաքում` աշխատում են տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում: Հանրապետությունում կան ասորի ճանաչված դերասաններ, մշակութային գործիչներ, երաժիշտներ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում