Խճանկար

Ի՞նչ նվիրել կանանց Մարտի 8-ի առթիվ

3 րոպեի ընթերցում

Ի՞նչ նվիրել կանանց Մարտի 8-ի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն ԱդիբեկյանըԿանանց տոնի հետ կապված մեծ ծախսեր չի անելու: Տանը իգական սեռի չորս ներկայացուցիչ ունեցող Ադիբեկյանը որոշել է` տանը համեստ սեղան կպատրաստի, պահած շամպայնը կբացի ու կնշի Մարտի 8-ը: Ճոխ նվերների փոխարեն սոցիոլոգը առավոտյան կնոջ ու աղջիկների համար սուրճ կպատրաստի, դեմ չէ նաեւ երեկոյան ընթրիքից հետո լվանալ ափսեները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ադիբեկյանը շեշտում է` կարեւորը ոչ թե գինն է, այլ վերաբերմունքը: «Ֆինանսական պայմաններն այսօր այնպիսին են, որ հնարավոր չէ գնել այն, ինչ ցանկանում ես: Այս դեպքում կանայք պետք է շատ բան չպահանջեն տղամարդկանցից, տղամարդիկ էլ, դժվար պայմանների պարագայում անգամ պետք է չմոռանան շնորհավորել կանանց: Ծաղիկ, շամպայն, շոկոլադ, թե պարզապես շնորհավորանք` այդքան էլ էական չէ»,- ասում է Ադիբեկյանը:

Եթե աշխարհում ապրանքի պահանջարկի պարագայում գինն իջնում է, Հայաստանում հակառակն է: «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի գնահատմամբ` կանանց միամսյակի կապակցությամբ երկրում ծաղիկները ու հուշանվերները թանկացել են: Պողոսյանն առավոտյան այցելել է բնակարանի հարեւանությամբ գործող ծաղկի խանութն ու պարզել, որ ծաղիկները երեք անգամ թանկացել են, հետեւաբար` միամսյակը կանայք կարող են սկսել նաեւ առաց ծաղկի:

Հոգեբան Աննա Բադալյանը ներքին հակադրություն ունի «կանանց միամսյակ» արտահայտության հետ կապված: Նրա խոսքով` յուրաքանչյուր կին յուրաքանչյուր օր պետք է արժանանա գովեստի, գեղեցիկ խոսքերի եւ ուշադրության: «Կանանց վերաբերմունքը նման է բումերանգի: Եթե դու նրան մի փոքր ուշադրություն եւ սեր նվիրես` եռակին կստանաս»,- ասում է հոգեբանը` հավելելով, որ, անկախ այն հանգամանքից, որ դարեր շարունակ կանայք գնահատել են հոգեւոր վերաբերմունքը, սակայն դեմ չեն նաեւ գեղեցիկ նվերների:

Տղամարդկանց ուշադրությունից զատ, հոգեբանը խորհուրդ է տալիս կանանց ավելի սիրելի սեփական անձն ու բարձրացնել ինքնագնահատականը:«Լինել վստահ, խնամված, նորաձեւ: Սա գեղեցիկ եւ երիտասարդ մնալու լավագույն գրավականն է: Քնքշություն, պարզություն եւ բարություն: Սրանք պետք է լինեն կնոջ ուղեկիցներ»,- ասում է հոգեբանը` հավելելով, որ կանայք պետք է հեռանան էթնիկ մտածելակերպից, եւ, երեխաներին ու ընտանիքին զուգահեռ, մեծ ուշադրություն դարձնեն նաեւ իրենց առողջությանն ու արտաքին տեսքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում