Մարզային

Մարտունի քաղաքում կսկսվի ջրատարի եւ կոյուղու հիմնանորոգումը

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում կսկսվի ջրատարի եւ կոյուղու հիմնանորոգումը

ԳԱՎԱՌ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան փողոցով է անցնում Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը: Եղանակները տաքանալուն պես այստեղ կսկսվեն ջրատարի եւ կոյուղու հիմնանորոգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվելու է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն Աբովյան փողոցի 1 կիլոմետր երկարությամբ հատվածում: «Այդ հատվածում խմելու ջրատարի ներքին ցանցը քայքայվել ու շարքից դուրս է եկել, ինչի հետեւանքով մոտ 60 ընտանիքի հնարավոր չի լինում կանոնավոր ջուր մատակարարել, իսկ կոյուղին ամբողջությամբ խցանված է: Նախորդ տարի Մարտունի քաղաքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ ամբողջովին նորացվեց խմելու ջրատարի ներքին ցանցը, բայց Աբովյան փողոցի՝ շուկայից մինչեւ Երեւան-Վարդենիս մայրուղի ընկած հատվածը հնարավոր չեղավ ընդգրկել նորոգման ծրագրում, քանի որ այնտեղով է անցնում Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը, որը քանդելու համար հարկավոր էր ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության թույլտվությունը: Խնդիրը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի միջամտության շնորհիվ ստացել է իր լուծումը, եւ շինարարությունը կսկսվի եղանակները տաքանալուն պես»,-նշեց քաղաքապետի տեղակալը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ փողոցը քանդվելու է ամբողջ լայնքով ու երկայնքով, որը շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո ասֆալտապատվելու է պատվիրատուի միջոցներով: Կառույցի ավարտից հետո Աբովյան փողոցի 60 ընտանիք կունենան մշտական ջրամատակարարում եւ գործող կոյուղագիծ, որի ջրերը կհոսեն քաղաքի մեխանիկական մաքրման կայան:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում