Քաղաքականություն

Արտակ Զաքարյանը միջազգային հանրությանը կոչ է անում Խոջալուի մեղավորներին փնտրել Ադրբեջանում

4 րոպեի ընթերցում

Արտակ Զաքարյանը միջազգային հանրությանը կոչ է անում Խոջալուի   մեղավորներին փնտրել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Այս օրերին այդ շքերթը նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին: Իսկ ի՞նչ էր իրականում տեղի ունեցել: 1992թ. փետրվարի 26-ին տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես Խոջալուի կոտորած ներկայացվող Աղդամի իրադարձությունները, որոնց ժամանակ ադրբեջանական զինված ուժերը Խոջալուի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ այդ ժամանակ Ադրբեջանի Նախագահ Մութալիբովին տապալելու համար Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատն օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրած օպերացիան՝ նպատակուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այնտեղից էին մշտական գնդակոծման ենթարկվում Ստեփանակերտն ու մերձակա բնակավայրերը: «Սրա մասին անձամբ վկայել է Նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում: Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և ադրբեջանական բնակչության անվտանգ տարհանման համար անվտանգ մարդասիրական միջանց թողնելու մասին»,- շեշտեց Զաքարյանը:

Պատգամավորը փաստեց, որ ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում իրականացրած ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը լուսանկարել և նկարահանել է զոհվածների մարմինները, որոնք այլանդակված չէին: «Գոյություն ունեցող փաստերն ամենայն անհերքելիութամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա նրանց դիակներն այլանդակել: Խոջալուի սադրանքին հաջորդած հեղաշրջումից հետո ադրբեջանական նոր ղեկավարությունը՝ Էլչիբեյի գլխավորությամբ, Խոջալուի բնակչության նկատմամբ իր իսկ հրեշավոր գործողությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում՝ իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակչության «կոտորած»: Այս քաղաքականությունը պաշտոնակական Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր: Աղդամի իրադարձությունները որպես Խոջալուի սպանդ ներկայացնող ադրբեջանական իշխանությունները փորձում են հարված հասցնել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղված մեկնաբանությունը պարտադրել միջազգային հանրությանը՝ նպաստելով հակահայկական տրամադրություններին»,- հայտարարեց Զաքարյանը:

Պատգամավորը տարբեր երկրների խորհրդարանականներին, քաղաքային ու նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին կոչ արեց զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի ծուղակներից՝ խորհուրդ տալով Խոջալուի դեպքերի համար մեղավորներին փնտրել Ադրբեջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում